Հայաստանի իշխանությունները բավարարել են թուրքերի կողմից հնչեցված եւ չհնչեցված բոլոր նախապայմանները։ Այս մասին հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով գործող իշխանությունների այն պնդումներին, թե հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն անցնում է առանց նախապայմանների։

Շարմազանովի խոսքով՝ Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը հանձնել է ինչ հնարավոր է։

«Նրանք դուրս եկան Քարվաճառից, թողեցին Ղարաբաղի 7 շրջանը, Շուշին ու Հադրութը հանձնեցին, հիմա էլ Լաչինն են հանձնում։ Հայկական Շուշին այսօր վերածվում է պանթուրքիզմի կովկասյան կենտրոնի... Էլ ի՞նչ պետք է անեն թուրքերը»,- պարզաբանեց Շարմազանովը։

Նա նշեց, որ ընթացող աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին աշխարհի բոլոր երկրները ձգտում են ոչ թե պարտվել, այլ հաղթել։ Հայաստանն օրեցօր ավելի ու ավելի է գլորվում դեպի անդունդը։