Գերմանացի պատգամավոր Քրիշտոֆ Շտրասերին Ադրբեջանի մուտքի անցագիր տրամադրելու մերժումը կապված է նրա հետ, որ վերջինս ցանկանում է Բաքու ժամանել որպես Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով համազեկուցող: Այդ մասին, ըստ Turan գործակալության, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության աշխատակից Էլման Աբդուլլաեւը:

Աբդուլլաեւի խոսքով, անցագրի տրամադրման մերժումը կապված է «քաղբանտարկյալ հասկացության ունիվերսալ չափորոշիչների բացակայության հետ»: «Այդ կապակցությամբ այցի իրականացումը կորցնում է իմաստը»,- նշել է նա:

Պաշտոնական Բաքուն խոչընդոտում է ԵԽԽՎ` քաղբանտարկյալների հարցով համազեկուցողի գործունեությանը` դա իր հանդեպ խտրականություն որակելով: Շտրասերի վիզայի մերժման մասին ավելի վաղ հայտնել էր Գերմանիայի մարդու իրավունքների պաշտպան Մարկուս Լյոնինգը` դատապարտելով Բաքվի այդ քայլը: Շտրասերը դեռ հունիսին էր դիմել վիզայի համար, եւ միայն օգոստոսին մերժում էր ստացել: