Գազի պահանջարկը 15 տոկոս նվազեցնելու ԵՄ առաջարկը երկրներին բավարար չի լինի ռուսական գազի մատակարարումների շարունակական կրճատումների պայմաններում ձմեռը հաղթահարելու համար: Այս մասին հայտարարել է Իռլանդիայի շրջակա միջավայրի նախարար Էյմոն Ռայանը, փոխանցում է Reuters-ը։
«15 տոկոսը, հավանաբար, բավարար չի լինի՝ հաշվի առնելով, որ ռուսները հայտարարել են «Հյուսիսային հոսք 1»-ով գազի մատակարարումների հետագա կրճատման մասին: Բայց դա ավելի լավ է, քան ոչինչ, եւ կարծում եմ, որ այս պլանի ազդանշանը եւս կարեւոր է»,- ասել է նա ԵՄ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես, ովքեր մտադիր են հաստատել ԵՄ ծրագիրը:
Լեհաստանի կլիմայի նախարար Աննա Մոսկվան ասել է, որ գազի սպառումը կրճատելու Եվրամիության վերջին առաջարկը «չեզոք» է իր երկրի համար, քանի որ պարտադիր թիրախներ չի պարունակում: Նրա խոսքով՝ Վարշավան դեմ է երկրների համար կրճատման պարտադիր թիրախներ սահմանելուն։
«Մենք չենք կարող որեւէ որոշում կայացնել, որը պարտադրվում է երկրներին,- ասել է Մոսկվան լրագրողներին:- Էներգետիկ անվտանգությունն ազգային արտոնություն է».
Նա հավելել է, որ Լեհաստանի գազի պահեստարանները լիքն են եւ երկիրն այս պահին գազի օգտագործումը սահմանափակելու կարիք չունի:
Գերմանիայի էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը հայտարարել է, որ Եվրամիության ծրագիրը «ցույց է տալիս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ իրենք միասնական են, նույնիսկ եթե փոխզիջման են գնացել՝ ընդհանուր լեզու գտնելու համար»:
«Իհարկե, այժմ այդ տեքստում շատ փոխզիջումներ կան։ Եվրոպան այդպես է գործում,- Բրյուսելում լրագրողներին ասել է Հաբեկը։- Սա շատ կարեւոր հաջորդ քայլ է։ Այն ցույց է տալիս, որ Եվրոպան միասնական է մնում, որ Եվրոպան ի վիճակի է միասնություն գտնելու»,- ասել է նա՝ հավելելով, որ պլանը «Պուտինին եւ Ռուսաստանին» ուղերձ է ուղարկել. «դուք մեզ չեք բաժանի»։
Չեխիայի արդյունաբերության եւ առեւտրի նախարար Յոզեֆ Սիկելան ասել է, որ ԵՄ-ն պետք է «հնարավորինս շուտ» գործի` Ռուսաստանի կողմից գազի ծրագրած կրճատումներին արձագանքելու համար:
«Պուտինը կշարունակի խաղալ իր կեղտոտ խաղերը՝ չարաշահելով գազի մատակարարումները եւ շանտաժի դիմելով»,- ասել է Սիկելան Բրյուսել ժամանելուց հետո։
ԵՄ-ի նոր առաջարկի նախագիծը շարունակում է երկրների մեծ մասի կողմից մատակարարման արտակարգ իրավիճակի դեպքում պարտադիր 15 տոկոս կրճատում պահանջել:
Սակայն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իռլանդիան եւ Մալթան, որոնք միացված չեն ԵՄ գազային ցանցերին, կազատվեն դրանից:
Երկրների համար, որոնք գազ են արտահանում կամ որոնց գազի պահեստարանները գրեթե լիքն են, ավելի թույլ թիրախներ կլինեն: Որոշ ոլորտներ, ինչպիսիք են քիմիական եւ մետաղական արդյունաբերությունը, եւս կարող են բացառություններ ստանալ:
Պլանին դիմադրություն են ցույց տվել Իսպանիան եւ Պորտուգալիան, որոնք քիչ կապ ունեն ԵՄ գազատարերի ցանցի հետ: Հունաստանը նաեւ հայտարարել է, որ ծրագիրը չափազանց մեծ բեռ կլինի դրա տնտեսության եւ քաղաքացիների համար:
Գերմանիան, մյուս կողմից, այն երկրների թվում է, որոնք մեծապես կախված են ռուսական գազից եւ աջակցում են պլանին արտակարգ իրավիճակներում:
Որոշ դիվանագետներ հայտարարել են, որ առաջարկը, իր մեղմացված ձեւով, հավանաբար կհաստատվի երեքշաբթի: Սակայն մյուսները նախազգուշացնում են, որ մի շարք երկրներում կանոնների թուլացման պատճառով ձմռան համար բավարար գազ չի մնա:
ԵՄ երկրներն իրենց գազի համատեղ սպառումը մինչ այժմ կրճատել են ընդամենը 5 տոկոսով, թեեւ գներն ամիսներ շարունակ աճում էին, իսկ ռուսական մատակարարումները՝ կրճատվում:





























