Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն առաջարկել է համաեվրոպական մեխանիզմ՝ արդյունաբերական ձեռնարկություններին այս ձմռանը գազի սպառման կրճատումը փոխհատուցելու համար՝ գազի պակասը հաղթահարելու Եվրոպայի ջանքերի շրջանակներում, հայտնում է Reuters-ը։
ԵՄ երկրները երեքշաբթի օրը հաստստել են գազի պահանջարկը զսպելու մեղմացրած արտակարգ ծրագիրը՝ փոխզիջումային համաձայնագրերի կնքումից հետո:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին ուղղված նամակում Միցոտակիսն առաջարկել է համաեվրոպական մեխանիզմ, որը կփոխհատուցի արդյունաբերական սպառողներին այս ձմռանը գազի եւ էլեկտրաէներգիայի սպառումը կրճատելու համար:
Միցոտակիսը նշել է, որ այս մեխանիզմը կներառի պահանջարկի կրճատումը մի քանի ամսով, ոչ թե ժամերով կամ օրերով, եւ կմիավորի էներգետիկ շուկայի կառուցվածքի տարրերն ու արդյունաբերության արդարացի փոխհատուցման եղանակը։
«Առաջարկելով ֆինանսական խթաններ, այլ ոչ թե հենվելով արտակարգ իրավիճակների ժամանակ անջատման տույժի վրա, առաջարկը, ամենայն հավանականությամբ, կառաջացնի արդյունաբերության ուժեղ եւ նշանակալի արձագանք»,- հավելել է նա:
Գործիքը կֆինանսավորվի ազգային եւ եվրոպական ռեսուրսների հաշվին՝ դրսեւորելով համերաշխություն եւ թույլ տալով միջոցները փոխանցել նրանց, ովքեր առավելագույնս կարող են նվազեցնել գազի սպառումը, գրել է Միցոտակիսը նամակում։
Հունաստանն օգտագործում է ռուսական գազն իր կարիքների 40 տոկոսը բավարարելու համար, իսկ վառելիքի երկու երրորդն օգտագործում է էլեկտրաէներգիայի արտադրության համար։ Նա խնդրել է իրեն բացառել ԵՄ-ում գազի պահանջարկի կրճատումից։





























