Սպասվում է, որ Շրի Լանկայի նախկին նախագահ Գոտաբայա Ռաջապակսան տուն կվերադառնա Սինգապուրից, որտեղ նա գտնվում էր գրեթե երկու շաբաթ՝ բողոքի ակցիաների պատճառով երկրից փախչելուց հետո, հայտնում է Bloomberg-ը:

Ռաջապակսան ցուցարարների ուշադրության կենտրոնում էր, որոնք մեղադրել են նրան մի շարք սխալների համար, որոնք հանգեցրել են տնտեսական փլուզման՝ արտարժույթի պահուստների նվազմամբ եւ սրընթաց գնաճով: Նա հրաժարական է տվել հուլիսի 15-ին՝ Սինգապուր ժամանելուց հետո, իսկ նրա դաշնակից Ռանիլ Վիկրեմեսինգեն օրենսդիրների կողմից անցյալ շաբաթ նախագահ է ընտրվել։

Ռաջապակսան ցանկանում է որքան հնարավոր է շուտ վերադառնալ տուն եւ ապրել Կոլոմբոյի ծայրամասում գտնվող իր առանձնատանը, ասել է Շրի Լանկայի կառավարության պաշտոնյան, որը խնդրել է չհրապարակել իր անունը:

Ռաջապակսայի՝ որպես մասնավոր քաղաքացու մուտքը Սինգապուր թույլատրվել է հուլիսի 14-ին: Սովորաբար, Շրի Լանկայի քաղաքացիներին տրվում է 30-օրյա վիզա, թեեւ ԶԼՄ-ներում շրջանառվում են ենթադրություններ, որ Ռաջապասկան ստացել է կրճատված թույլտվություն եւ տուն կվերադառնա, երբ բողոքի ցույցերը հանդարտվեն:

Նոր նախագահ Վիկրեմեսինգեն Շրի Լանկայում արտակարգ դրություն է հայտարարել, որը թույլ է տալիս անվտանգության ուժերին ձերբակալել եւ կալանավորել մարդկանց՝ փորձելով ճնշել ամիսներ շարունակվող բողոքի ցույցերը:

Ցուցարարները նաեւ ցանկանում են, որ Վիկրեմեսինգեն հեռացվի իշխանությունից՝ ասելով, որ նա քիչ բան է արել Ռաջապակսային պատասխանատվության ենթարկելու եւ ճգնաժամը լուծելու համար՝ մայիսին վարչապետ նշանակվելուց հետո:

Վիկրեմեսինգեն մտադիր է կենտրոնանալ Արժույթի միջազգային հիմնադրամի եւ այլ վարկատուների հետ բանակցությունների վրա՝ երկրի համար անհրաժեշտ սննդամթերքի, վառելիքի եւ դեղորայքի գնումներն ապահովելու համար: