Ռուսաստանը ձգտում է հավասարակշռությունից հանել Արեւմուտքին, գրում է Washington Examiner-ը։
«Վերցնենք, օրինակ, նախագահ Վլադիմիր Պուտինի մոտեցումը Ուկրաինայի արգելափակված նավահանգիստներից հացահատիկի արտահանմանը եւ Եվրոպա գազի արտահանմանը։
Ուրբաթ օրը Ուկրաինան եւ Ռուսաստանը պայմանավորվել են Թուրքիայի միջնորդությամբ գործարքի կնքման շուրջ, որը թույլ է տալիս Ուկրաինային արտահանել հացահատիկի պաշարներ, որոնք ներկայումս պահվում են Սեւ ծովի ափի նավահանգիստներում: Նախկինում ռուսական ռազմածովային ուժերն արգելափակել էին այդ նավահանգիստները։ Սակայն համաձայնագրի ստորագրման հաջորդ օրը Ռուսաստանը մի քանի հրթիռ էր արձակել հացահատիկի արտահանման առանցքային զարկերակի՝ Օդեսայի նավահանգստի ուղղությամբ... Պուտինի ուղերձը պարզ է... Պուտինն ուզում է, որ Արեւմուտքն իմանա, որ ինքը ցանկացած պահի կարող է չեղարկել իր արտահանման «ձիթենու ճյուղը»: Նա արեւմտյան կառավարություններին ասում է, որ նրանք պետք է մտածեն նախքան Ուկրաինային նոր սպառազինություն տրամադրելը»,- նշում է թերթը:
Նմանատիպ զարգացումներ են տեղի ունենում նաեւ էներգետիկայի ճակատում։ Անցյալ շաբաթ «Գազպրոմը» վերականգնել է «Հյուսիսային հոսք 1»-ով գազի մատակարարումը Եվրոպա։ Վերանորոգումից հետո մատակարարումները վերականգնելով՝ Ռուսաստանը հույս է ներշնչել, որ դա չի խորացնի մայրցամաքի վատթարացող էներգետիկ իրավիճակը:
Ճգնաժամը սրվում է, քանի որ եվրոպական տերությունները պայքարում են պաշարների սպառման եւ գազի գների կտրուկ աճի դեմ, նշում է հոդվածագիր Թոմ Ռոգանը:
Պուտինի վերջնական նպատակն անսասան է՝ նա ցանկանում է, որ Արեւմուտքը ենթարկվի իր կոշտ որոշումներին, եզրափակում է հոդվածի հեղինակը։




























