Երեքշաբթի լիբանանցի օրենսդիրները քվեարկել են երկիր ցորենի ներկրումը վճարելու համար Համաշխարհային բանկի 150 միլիոն դոլարի վարկն օգտագործելու օգտին, հաղորդում է AP-ն:

Լիբանանն արդեն իսկ գտնվում է ծանր տնտեսական ճգնաժամի մեջ, բայց փորձում է հաղթահարել պարենային անվտանգության ճգնաժամը, որի պատճառով երկրի մոտ 6 միլիոնանոց բնակչության կեսը մնացել է առանց բավարար սննդի:

Լիբանանի բնակչության երեք քառորդն ապրում է աղքատության մեջ եւ դժվարությամբ է հաղթահարում էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումները, դեղերի անբավարարությունը եւ սննդամթերքի ու վառելիքի գների աճը: Լիբանանյան ֆունտը կորցրել է իր արժեքի 90 տոկոսը ԱՄՆ դոլարի նկատմամբ։

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի համաձայն, Լիբանանում պարենային ապրանքների գնաճի ամենաբարձր մակարդակներից մեկն է աշխարհում:

Էկոնոմիկայի ժամանակավոր նախարար Ամին Սալամն ապրիլին գործակալությանը տված հարցազրույցում ասել էր, որ Համաշխարհային բանկի վարկը կկայունացնի հացի գները առնվազն վեց ամսով` լիբանանյան իշխանություններին ժամանակ տրամադրելով ավերված եւ անարդյունավետ ինստիտուտները բարեփոխելու համար:

Խորհրդարանի քվեարկությունից հետո Սալամը մամուլի ասուլիսում ասել է, որ այդ փողերը կարող են ցորեն ապահովել ավելի քան վեց ամիս, եթե գները շարունակեն իջնել: