Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմատր Տոկաեւը եւ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Նուր Սուլթանում հանդիպման ժամանակ քննարկել են առեւտրատնտեսական եւ ներդրումային համագործակցությունը։ Ղազախստանը Վրաստանին առաջարկել է «դարպաս դեպի Կենտրոնական Ասիա», հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Զրուցակիցները հատուկ ուշադրություն են հատկացրել տրանսպորտային-լոգիստիկ փոխգործակցությանը։ Նշվել է, որ երկրները Անդրկասպիական միջազգային տրանսպորտային երթուղու գործընկերներ են։

«Ես եկել եմ կարեւոր ուղերձով։ Մենք շահագրգռված ենք երկկողմ փոխգործակցության, բոլոր ոլորտներում համագործակցության զարգացման հարցում»,-ասել է Ղարիբաշվիլին։

Նա նշել է, որ Վրաստանի եւ Ղազախստանի միջեւ առեւտրաշրջանառությունն ավելացել է, եւ երկրները «մեծ հնարավորություններ ունեն կապերն ընդլայնելու համար»։

Իր հերթին, Տոկաեւը նշել է երկկողմ համագործակցության զարգացումն ու համատեղ ջանքերի միավորմանա կարեւորությունը։ «Մեզ կապում են բարեկամական սերտ կապերը։ Մեր խնդիրն է ամրապնդել եւ զարգացնել մեր բարեկամական հարաբերությունները»,-նշել է նա։

Ավելի ուշ Twitter-ի իր էջում Ղարիբաշվիլին հայտնել է, որ Տոկաեւի հետ հանդիպումն արդյունավետ էր։