Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը օգոստոսի 5-ին Սոչիում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն ռազմատեխնիկական համագործակցությունը եւ հացահատիկի ստամբուլյան գործարքի իրականացումը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ նովոստին։
«Երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը մշտապես օրակարգում է։ Եվ հենց այն փաստը, որ մեր փոխգործակցությունը զարգանում է նման զգայուն տարածքում, հուշում է, որ, ընդհանուր առմամբ, մեր հարաբերությունների ողջ շրջանակը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա»,-ասել է նա։
Պեսկովը նշել է, որ պետությունների ղեկավարները վերջին հանդիպմանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության տարբեր ասպեկտներ։
«Ուստի, այո, Սոչիում անպայման կքննարկվի ռազմատեխնիկական համագործակցության թեման»,-հավելել է Կրեմլի խոսնակը։
Խոսելով ստամբուլյան գործարքի իրականացման մասին՝ Պեսկովը նշել է, որ շուտով պետք է սկսել հացահատիկի արտահանումը։





























