Իսրայելի կողմից հավաքագրված լրտեսները պլանավորել են պայթեցնել երկրի պաշտպանական արդյունաբերության կենտրոնը։ Այս մասին հայտարարել է Իրանի հետախուզության նախարարությունը՝ ներկայացնելով նոր տեղեկություններ «Մոսադ»-ի գործակալների մասին, որոնք նախկինում ձերբակալվել են Իրանում։

Հայտարարության համաձայն՝ Իսրայելի հետ կապված ահաբեկիչների նպատակը երկրի պաշտպանական արդյունաբերության կենսական կենտրոնը պայթեցնելն է, որի համար մշակվել են թիրախի աշխարհագրությունը որոշելու եւ դրա մասշտաբային ոչնչացման համալիր համակցված մեթոդներ, հայտնում է Mehr-ը։

«Խմբի օպերատիվ տարրերը վարձկանների «Կոմալա» ահաբեկչական խմբավորման անդամներն են, որոնք խմբավորման ղեկավարի կողմից ուղղակիորեն ընտրվել են այս առաքելության համար եւ ներկայացվել են «Մոսադ»-ի սպաներին»,- ասվում է հաղորդագրությունում։

«Ահաբեկիչներից առգրավված տեխնիկայի քանակն այնքան մեծ է եղել, որ օպերատիվ խմբի անդամներն ուղղակի չեն կարողացել այն դուրս բերել։

Ահաբեկիչներից առգրավված զենքի եւ տեխնիկայի թվում են 8 շատ հզոր ռումբեր՝ հիմնական թիրախը խափանելու համար, եւ 8 փոքր ռումբեր՝ հիմնական գործողությունից հետո խմբավորման տեխնիկան ոչնչացնելու համար, թիրախների կառավարման համակարգերի աշխատանքը խափանելու հատուկ տեխնիկական միջոցներ, ինչպես նաեւ հեռահար պայթեցման համար՝ դիմահարդարման գործիքների, պարիկների եւ մատնահետքերը փոխելու գործիքների ամբողջական հավաքածու»,- նշվում է հաղորդագրության մեջ: