Meta-ն՝ Facebook-ի, Instagram-ի եւ Whatsapp-ի մայր ընկերությունը, հայտնել է 2012-ին բորսա դուրս գալուց ի վեր իր եկամուտների առաջին եռամսյակային անկման մասին: Այս տարվա սկզբին Facebook հավելվածը օրական մոտ 1 միլիոն ակտիվ օգտատեր էր կորցրել:

Ընկերության եկամուտը նախորդ եռամսյակում 28.822 միլիարդ դոլար էր կազմել՝ 2021 թվականի երկրորդ եռամսյակի 29077 միլիարդ դոլարի համեմատ, ինչն ավելի քիչ է 1 տոկոսով:

Meta-ն նաեւ երրորդ եռամսյակի եկամուտների թույլ կանխատեսում է ներկայացրել, որի արդյունքում հուլիս-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում 26-28.5 միլիարդ դոլար է ակնկալվում, ինչը մի քանի միլիարդով պակաս է, քան սպասում էին վերլուծաբանները:

Ընկերությունը նաեւ հայտարարել է, որ ակնկալում է, որ երրորդ եռամսյակում իր վնասով աշխատող Reality Labs ստորաբաժանումից եկամուտը, որը ղեկավարում է մետատիեզերքի նախագիծը, երկրորդ եռամսյակի եկամտից ցածր կլինի:

Այս եռամսյակը նախորդ տարվա համեմատ բարդ եռամսյակ էր Meta-ի համար, քանի որ Meta-ի երկրորդ եռամսյակի եկամուտը 2021-ի ամենաարագ աճն էր վերջին տարիների ընթացքում:

Facebook-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտարարության մեջ նշել է, որ ընկերությունն անցյալ եռամսյակում «դրական հետագիծ է տեսել փոխգործակցության միտումներում»՝ շնորհիվ Reels-ի նման պրոդուկտների եւ արհեստական ​​ինտելեկտի մեջ ներդրումների շնորհիվ:

«Մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում մեր ընկերության հիմնական առաջնահերթությունների վրա, որոնք ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հնարավորություններ են առաջարկում Meta-ին եւ մեր ծառայություններից օգտվող մարդկանց ու բիզնեսներին»,- ասել է նա:

Անցյալ շաբաթ Meta-ն հայտարարել էր Facebook-ի հավելվածում լայնածավալ փոփոխությունների մասին, որոնք այն ավելի նման կդարձնեն TikTok-ին: