ԱՄՆ-ն պետք է շարունակի արդիականացնել իր միջուկային կառավարման համակարգը՝ օտարերկրյա ընկերությունների կողմից հնարավոր լրտեսության դեմ պայքարելու համար: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմավարական հրամանատարության ղեկավար Չարլզ Ռիչարդը, փոխանցում է Reuters-ը։

Այդպես, նա մեկնաբանել է այն հրապարակումները, որ ԱՄՆ Առեւտրի նախարարությունը հետաքննում է ազգային անվտանգության սպառնալիքը չինական հեռահաղորդակցական սարքավորումներ արտադրող Huawei-ից՝ այն մտավախությունների ֆոնին, որ Huawei-ի սարքերը կարող են գաղտնի տեղեկատվություն հավաքել միջուկային օբյեկտների մասին եւ այն Պեկին փոխանցել:

«Մենք լավ տեղեկացված ենք մեր միջուկային հրամանատարությանը եւ վերահսկողությանը սպառնացող հնարավոր սպառնալիքների մասին: Սպառնալիքները, որոնց մասին դուք խոսում եք, ստատիկ չեն, եւ մենք ստիպված կլինենք շարունակել արդիականացնել միջուկային զենքի կառավարման մեր համակարգը, որպեսզի այն կարողանա առաջ անցնել նրանցից»,- ասել է նա։

2021-ի ապրիլին Առեւտրի նախարարությունը Huawei-ին դատարան էր կանչել՝ օտարերկրյա կողմերի հետ տվյալների փոխանակման հետ կապված ընկերության քաղաքականության մասին իմանալու համար:

Huawei-ին արդեն երկար ժամանակ հետապնդում են ԱՄՆ կառավարության մեղադրանքներն առ այն, որ ընկերությունը կարող է լրտեսել ԱՄՆ-ի հաճախորդներին, թեեւ Վաշինգտոնը դրա ապացույցներ չի ներկայացրել: