Կիպրոսը եւ Հունաստանը ծրագրում են խորհրդակցություններ անցկացնել Եվրամիության մյուս անդամների հետ, թե ինչպես արձագանքել, եթե Թուրքիան նորից փորձի նավթ եւ գազ հորատել այն ջրերում, որոնք Կիպրոսը համարում է իր բացառիկ տնտեսական գոտի, հինգշաբթի ասել է Կիպրոսի արտգործնախարար Իոաննիս Կասուլիդիսը, հայտնում է AP-ն։

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզն այս շաբաթվա սկզբին ասել է, որ հորատման նորագույն Abdullhamid Han նավը նավարկության կմեկնի օգոստոսի 9-ին՝ «Միջերկրական ծովում» հորատման աշխատանքներ իրականացնելու համար։ Հստակ վայրը չի հաղորդվում։

Կասուլիդիսն ասել է, թե Կիպրոսի իշխանությունները կարծում են, որ կան ավելի քան վեց պոտենցիալ տեղամասեր, որտեղ թուրքական հորատող նավը կարող է սկսել աշխատանքը, եւ դրանցից ոչ բոլորը կարող են լինել այն տարածքներում, որոնց Կիպրոսը հավակնում է:

Կիպրոսի կառավարությունը ինը բլոկում հորատման եւ հետախուզման իրավունքներ է տվել ExxonMobil եւ նրա գործընկեր Qatar Petroleum, Chevron եւ գործընկերներ Dutch Shell եւ Israel NewMed ընկերություններին, ինչպես նաեւ կոնսորցիումին, որը բաղկացած է իտալական Eni-ից եւ ֆրանսիական TotalEnergies-ից:

Ավելի վաղ Թուրքիան արդեն ուղեկցող ռազմանավերով հորատող նավեր եւ հետազոտական նավեր էր ուղարկել այն ջրեր, որոնց հավակնում է Կիպրոսը։ Նման ներխուժումները մեծացրել են ռազմական լարվածությունը: ԵՄ-ն խստորեն դատապարտել է Թուրքիայի գործողությունները եւ պատժամիջոցներ սահմանել երկու անձանց նկատմամբ, որոնք ներգրավված են հորատման այդպիսի արշավախմբերում:

Կիպրոսը 1974 թվականին բաժանվել է էթնիկ հունական եւ էթնիկ թուրքական կողմերի, երբ Թուրքիան ներխուժել է երկիր՝ Հունաստանի հետ միավորման կողմնակիցների հեղաշրջումից հետո: Չնայած Կիպրոսը 2004 թվականին անդամագրվել է ԵՄ-ին, միայն հարավային՝ հունակիպրական հատվածն է օգտվում անդամակցության բոլոր առավելություններից: