Իսպանիայի իշխող կոալիցիան հինգշաբթի օրը օրինագիծ է ներկայացրել բանկերի եւ էներգետիկ ձեռնարկությունների վրա ժամանակավոր հարկ սահմանելու մասին, որի նպատակն է մինչեւ 2024 թվականը 7 միլիարդ եվրո հավաքել՝ կյանքի թանկացման ճնշումը թուլացնելու միջոցառումները ֆինանսավորելու համար, հայտնում է Reuters-ը:

Հարկը, որի պլաններն առաջին անգամ նախանշվել են հուլիսի 12-ին, կներառեն 1,2 տոկոս տուրք՝ իսպանական էներգետիկ ընկերությունների վաճառքից, եւ 4,8 տուրք՝ տոկոսային զուտ եկամտից ու բանկային զուտ միջնորդավճարներից, ասվում է առաջարկի տեքստում։

Կառավարությունը դեռ չի հայտարարել, թե ինչպես է բաշխելու հարկից ստացված եկամուտը։ Այն արդեն իսկ ներդրել է որոշ միջոցներ՝ աճող ինֆլյացիան փոխհատուցելու, օրինակ՝ վառելիքի արժեքը վերադարձնելու համար, իսկ նախկինում հարկ էր սահմանել կոմունալ ծառայությունների համար, որոնք շահույթ են ստանում գազի բարձր գներից:

Բանկերն այժմ հարվածի տակ են ընկել, քանի որ նրանց շահութաբերությունը մեծանում է տոկոսադրույքների բարձրացման շնորհիվ։

Հարկը կտարածվի միայն այն ընկերությունների վրա, որոնց շրջանառությունը 2019 թվականին կազմել է առնվազն 1 միլիարդ եվրո, մինչդեռ բանկերի համար շեմը կկազմի 800 միլիոն եվրո, ըստ օրինագծի։

Santander-ի եւ Sabadell-ի ղեկավարները հինգշաբթի օրը նախազգուշացրել են ոլորտի ստիգմատիզացիայի դեմ՝ հավելելով, որ հարկը կհարվածի հիմնականում փոքր ներդրողներին եւ բաժնետերերին: