Հայաստանը միջազգային ահաբեկչության դեմ պայքարում մի շարք դրական քայլեր է ձեռնարկել։ Այս մասին ասված է 2010 թվականի ընթացքում աշխարհում ահաբեկչության մասին տարեկան զեկույցում, որն ԱՄՆ Պետքարտուղարության կողմից հրապարակվել է օգոստոսի 18-ին։
Դրական քայլերի շարքում զեկույցում նշվում է սահմանների անվտանգության լավացման, օրենսդրության բարեփոխումների եւ հակաահաբեկչական ուսումնական կուրսերին հայ մասնագետների մասնակցության փաստը։
Զեկույցում նաեւ նշվում է, որ Հայաստանը առաջընթաց է գրանցել սահմանային անվտանգության լավացման հարցում՝ ներառյալ այդ ոլորտում օրենսդրական զգալի փոփոխությունները։
ՆԱՏՕ-ի հետ ահաբեկչության դեմ համագործակցության մեջ Հայաստանը եւս որոշակի առաջընթաց է գրանցել։ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությունը բարձր է գնահատվում՝ ի դեմս Երեւանում կենտրոնի ստեղծման։
Պետքարտուղարության մասնագետները վկայակոչում են փողերի լվացման դեմ պայքարի ԵԽ փորձագիտական խմբի (MONEYVAL) հրապարակած տեղեկատվությունը, ուր նշված է, որ Հայաստանում ահաբեկչական գործունեության ֆինանսավորման վերահսկման հետ կապված իրավիճակը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին, սակայն որոշակի վերամշակման կարիք ունի։




























