Միացյալ Նահանգների  պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է ամերիկացի բանտարկյալների ազատ արձակման հարցը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Բլինքենի խոսքով՝ հուլիսի 29-ին Լավրովի հետ ունեցած զրույցի ընթացքում «ճնշել է» իր ռուս գործընկերոջը՝ կալանավորված ամերիկացիներ Բրիթնի Գրիներին ե Փոլ Ուելանին ազատ արձակելու ԱՄՆ-ի առաջարկն ընդունելու համար։

Բլինքենն ասել է, որ «անկեղծ եւ անմիջական» զրույց է ունեցել Լավրովի հետ, որի ընթացքում ասել է, որ Ռուսաստանը պետք է կատարի Ուկրաինայից հացահատիկի արտահանման պայմանագրով ստանձնած պարտավորությունները, եւ որ աշխարհը չի ընդունի Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների բռնակցումը։