ԽՍՀՄ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի ղեկավարած «Կանաչ խաչ» հիմնադրամը գումարներ կհատկացնի Հայաստանի Սպիտակ քաղաքում հելիոսարքավորումների (արեւից էներգիա ստացող) գործարան կառուցելու նպատակով: Այդ մասին այսօր` օգոստոսի 19-ին լրագրողներին հայտնեց տեխնիկական գիտությունների դոկտոր, հելիոֆիկացիայի ծրագրերի ղեկավար Վահան Համազասպյանը:
Նրա խոսքով` այդ ծրագիրը Հայաստանին կօգնի հաղթահարել տնտեսական ճգնաժամը, քանի որ նմանատիպ սարքավարումներ աշխարհի ոչ մի երկրում չի արտադրվում, իսկ պահանջարկը հսկայական է: Սակայն գիտնականը բողոքեց, որ Հայաստանի կառավարությունից առայժմ ոչ մի օգնություն չեն ստանում: Օրինակ` Արթուր Բաղդասարյանի ղեկավարած Անվտանգության խորհուրդը վերջերս հաստատել է էներգետիկ անվտանգության մասին ռազմավարական ծրագիրը, որտեղ խոսք անգամ չկա հելիոսարքավորումների արտադրության մասին:
Նախնական ներդրման չափը գնահատվում է 8 մլն դոլար, գործարանը պետք է գտնվի Սպիտակի վերելակաշինական նախկին գործարանի շենքում:
Ենթադրվում է, որ գործարանը կարտադրի տարբեր հզորության (3-32 կՎտ) օրական 1000 սարք: 32 կՎտ հզորությամբ սարքը բավարար է գյուղացիական մեկ տնտեսություն ամբողջովին էլեկտրաֆիկացնելու համար: Ներկայում բանակցություններ են տարվում Մոզամբիկի եւ Բրազիլիայի հետ` այդ սարքավորումների արտահանումը կազմակերպելու նպատակով:




























