ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պատրաստվում է քննարկել մոտ 300 հազար ապօրինի ներգաղթյալների գործը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ ազգային անվտանգության նախարար Ջանեթ Նեպոլետանոյի խոսքով, նախապատվությունը տրվելու է այն ներգաղթյալներին, ովքեր երկար ժամանակ է, ինչ ապրում են ԱՄՆ-ում եւ հանցանքներ չեն գործել ու հասարակական վտանգ չեն ներկայացնում: Նախաձեռնությունը դժգոհություն է առաջացրել հանրապետական կոնգրեսականների շրջանում:
New York Post-ի կարծիքով, նախագահական վարչակազմի ծրագիրը ուղղված է նորաթուխ ներգաղթյալների հաշվին ընտրազանգվածի ընդլայնմանը: «Լատինաամերիկացի ներգաղթյալների պաշտպանությամբ զբաղվող բոլոր կազմակերպությունները հարձակվել են Օբամայի վրա. ակնկալվում էր, որ նախագահի պաշտոնում նա կհաստատի ներգաղթի հարցերով կոմպլեքսային բարեփոխումը: Դրա փոխարեն 2010 թ. նա կարգադրեց արտաքսել 300 հազար ներգաղթյալների»,-հիշեցնում է NY Post-ը:
«Օբամայի նոր քաղաքականությամբ, երկրում անլեգալ գտնվելը ինքն իրենով չի կարող հիմք ծառայել արտաքսման համար. Նման որոշում պետք է ընդունվի լուրջ իրավախախտումների դեպքում: Անհասկանալի է, ինչ չափորոշիչներով խոշոր իրավախախտողները կտարբերվեն մանրերից»,- նշում է թերթը:



























