Անդրանատոլիական գազատարը (TANAP) այլընտրանք է ռուսական գազի մատակարարմանը Եվրոպայի համար, հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը, հաղորդում է Axar-ը։

«Երկու հիմնական այլընտրանքներից մեկը (ռուսական գազը ԵՄ-ի համար) TANAP-ն է՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ նախագիծը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ զրույցում կոչ է արել լրացնել բացը եվրոպական գազի շուկայում։ 

Միաժամանակ, նա  հիշեցրել է, որ այլընտրանքային նախագծերը, ինչպիսին է Nabucco-ն (գազատարի նախագիծ Իրանից, Թուրքմենստանից եւ Ադրբեջանից դեպի Եվրոպա) նախկինում չեն իրականացվել։

Շահ Դենիզ հանքավայրից Եվրոպա ադրբեջանական գազը տեղափոխելու համար 1850 կմ երկարությամբ գազատարը բացվել է 2018 թվականի հունիսին։ Նրա թողունակությունը կազմում է մոտ 16 միլիարդ խմ գազ, որից 10 միլիարդը նախատեսվում էր մատակարարել ԵՄ երկրներ։