Հայաստանի Կարմիր գրքում գրանցված բոլոր կենդանինների ոչնչացման դեպքում սահմանվելու են վնասի փոխհատուցման չափեր: Այդ մասին NEWS.am-ին հայտնեց բնապահպանության նախարարության վարչության պետ Աշոտ Հարությունյանը: Այդ նպատակով կառավարությունը հավանության է արժանացրել «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին:
Ըստ Հարությունյանի` վերջերս հաստատված Կարմիր գրքում ավելացվել են եւ կենդանինների, եւ բույսերի տեսակները, դրանց տրվել են իրենց գիտական անվանումները, տեղադրվել են նկարները, որպեսզի հնարավոր լինի համեմատություն կատարել: Այդ փոփոխությունները ավտոմատ ենթադրում են նաեւ փոփոխություններ վերը նշված օրենքում: Մասնավորապես` ազնվացեղ եղջերուն, զոlավոր բորենին եւ փասիանը հանվել են «այլ կենդանիններ» բաժնից եւ գրանցվել ՀՀ Կարմիր գրքում: Հստակեցվել են նաեւ նրանց անունները, ինչը որոշ թյուրիմացությունների առիթ է տվել: Այսպես` նոր խմբագրմամբ «ազնվացեղ եղջերուն» կոչվում է «կովկասյան ազնվացեղ եղջերու (մարալ)», իսկ փասիաններից նշվել են անապատային կաքավը, վայրի հնդկահավը, թուրաջը եւ անդրկովկասյան փասիանը: Բոլոր այդ տեսակների համար վնասի հատուցման գործող սակագները բարձրացվել են:




























