Նիդերլանդների ՀՅԴ Հայ դատի հանձնաժմբի ատենապետ Մասիս Աբրահամյանը «Զվարթնոց» օդանավակայանից NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան:
Նա նշել է. «Այսօր նպատակ ունեի գալ Հայաստան արձակուրդի համար եւ առավոտյան, երբ անձնագրային ստուգում էի անցնում, ինձ ասվեց, որ ես իրավունք չունեմ Հայաստան մուտք գործել: Իմ հարցին, թե ինչն է հիմնավորումը, ասացին, որ ընդամենը իրենք կատարում են հանձնարարություն, որ կա որոշում, որ ես չեմ կարող մուտք գործել երկիր:
Հիմա գտնվում եմ այստեղ, պետք է սպասեմ մինչեւ առավոտ, որ նորից Վարշավայի չվերթով մեկնեմ Վարշավա: Ես իհարկե, փորձեցի հասկանալ տեսուցիչ, թե իսկապես ինչն է պատճառը, կարո՞ղ են ինձ որեւէ գրավոր պատճառ ներկայացնել, թե իբնչի հիման վրա են արգելու հայրենիք մուտք գործել: Նրանք ասացին, որ լիազորված չեն պատասխանելու, նաեւ չունեն այդ պատասխանը, որ այդ պատասխանը միայն կարող եմ ստանալ համապատասխան պետական մարմնից, որն այս որոշումը կայացրել է: Մինչեւ հիմա պատասխան չեմ ստացել, նույնիսկ չեն էլ ասել, թե ինչու չեն տալիս այդ հիմնավորումը»:
Նա նաեւ նշեց, որ որպես Հայ դատի հանձնախմբի ատենապետ, որպես դաշնակցական, երբ Նիկոլ Փաշինյանը պետք է այցելեր Նիդերլանդներ, իի ընկերների հետ կազմակերպել է ցույցեր, եւ իրենց բողոքի ձայնն են արտահայտել այն քաղաքականությանը, որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը. «Մենք օգտվել ենք մեր քաղաքացիական իրավունքից: Հոլանդիայում մարդիկ կարող են հանգիստ իրենց այլակարծությունը հայտնել առանց որեւէ հետապնդումների ենթարկվելու; Մենք Նիկոլ Փաշինյանին հստակ ասել ենք, որ դեմ ենք իր քաղաքականությանը»:
Հարցին, թե որոնք են լինելու իր հետագա քայլերը, Մասիս Աբրահամյանը պատասխանեց. «Մարդու իրավունքների կոպիտ խախտում է, հատկապես որ կազմվել է «սեւ ցուցակ», դրանք մարդիկ կազմել են օրենքների կոպիտ խախտումներով, օրինակ, Նիդերլանդների անձնական տվյալների գաղտնիության օրենքների կոպիտ խախտումների միջոցով: Մենք պետք է պայքարենք այս խախտումների դեմ եւ պատասխանատվության կանչենք:
Ես խոսել եմ ՄԻՊ-ի գրասենյակի աշխատակիցների հետ, իրենք հնարավորություն են ստեղծել, որ ես հանդիպեմ իմ փաստաբանի հետ: Շուտով փաստաբանը կգա եւ կպատրաստենք մեր բողոքը այս իրավիճակի վերաբերյալ: Մենք հետապնդելու ենք այս գործը եւ մեղավորներին փորձելու ենք կանչել պատասխանատվության»:











