ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ Թայվանի շուրջ վերբալ պատերազմը «կարող է հեշտությամբ թեժանալ», եւ դրան ուշադիր հետեւում են եվրոպական մայրաքաղաքներում, գրում է Politico-ն՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին։

Աշխարհի երկու խոշորագույն գերտերությունների միջեւ լարվածության աճին զուգահեռ Պեկինն ուժեղացնում է իր սպառնալիքներն առաջիկա օրերին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան հնարավոր այցի կապակցությամբ:

Վերլուծաբանները կոչ են անում ԵՄ առաջնորդներին ուշադրություն դարձնել եւ պատրաստվել առաջիկա անախորժություններին:

«Երբեմն իրականանում են վատագույն սցենարները»,- ասել է Մյունխենի անվտանգության համաժողովի փոխնախագահ Բորիս Ռյուգեն: «Եվրոպացիները պետք է պատրաստվեն արտակարգ իրավիճակին՝ աջակցելով Թայվանին՝ միաժամանակ սերտ կապի մեջ մնալով Պեկինի հետ եւ օգնելով դեէսկալացմանը»:

Փելոսին մեկնել է Ասիա շրջագայության. Թայվանը ներառված չէ այցի պաշտոնական օրակարգում, սակայն շատերը չեն բացառում, որ Փելոսին կայցելի կղզի՝ չնայած ԱՄՆ վարչակազմի զգուշացումներին եւ Չինաստանի սպառնալիքներին։

Չինաստանը պնդում է, որ Փելոսիի այցը Թայվան տարածքի կարգավիճակը կարգավորող «մեկ Չինաստանի» քաղաքականության կոպտագույն խախտում եւ Թայվանի անկախությանը ԱՄՆ աջակցության ազդանշան կլինի։ Չինաստանի նախագահ Սի Ծինփինն ընդգծել է իր դիրքորոշումն անցած շաբաթ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ։ «Նրանք, ովքեր խաղում են կրակի հետ, կմեռնեն դրանից»,- ասել էր նա։ Չինաստանի պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել է, որ «չինական զինվորականները ձեռքերը ծալած չեն նստի», եթե Փելոսիի ուղեւորությունը կայանը:

Եվրոպական մյուս մայրաքաղաքների մեծ մասն ավելի զգույշ են իրենց մեկնաբանություններում: Պատասխանելով Փելոսիի այցին Չինաստանի ռազմական պատասխանի սպառնալիքի մասին հարցին՝ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը եւ ԵՄ արտաքին քաղաքական թեւը հրաժարվել են մեկնաբանություններից:

ԵՄ դիվանագետներից մեկն ասել է, որ այս փուլում պետք է լռություն ակնկալել՝ հաշվի առնելով, որ Թայվանն առաջին հերթին որպես ԱՄՆ-ի շահ է դիտվում, սակայն «արձագանքն այլ կլինի, եթե խոսքերը գործի վերածվեն»:

Հարցին՝ արդյո՞ք ՆԱՏՕ-ն անհանգստացած է լարվածությունից, եվրոպացի բարձրաստիճան դիվանագետը պատասխանել է. «Դեռ ոչ, բայց այն կարող է հեշտությամբ սրվել»: Նրա խոսքով՝ «վատագույն դեպքում» Ամերիկայի ուշադրությունն Ուկրաինայից կշեղվի Թայվանի շուրջ Չինաստանի հետ լարվածության վրա։