Օգոստոսի 21-ին` կիրակի օրը Երեւանում, Կասյան փողոցի վերջնամասում կբացվի գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: Այդ մասին այսօր` օգոստոսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Նախարարի տեղեկացմամբ` տոնավաճառում մթերք վաճառելու իրավունք կտրվի բացառապես գյուղացիներին, այդ պատճառով նրանք հատուկ տեղեկանք պետք է ներկայացնեն մարզպետարաններից: Դա արվում վերավաճառողների մուտքը տոնավաճառ արգելելու նպատակով: Ըստ Ս. Կարապետյանի` վերավաճառքի ընթացքում գյուղացու արտադրանքը զգալիորեն թանկանում է, սակայն գյուղացին դրանից չի շահում: «Գյուղացու աշխատանքը ըստ արժանավույն գնահատված չի քաղաքացու կողմից»,- ասաց գյուղատնտեսության նախարարը:
Տոնավաճառում կառաջարկվեն հիմնականում պտուղ-բանջարեղեն, միս չի լինի: Կլինեն նաեւ համերգ եւ այլ միջոցառումներ, ուստի քաղաքացիները կարող են ոչ միայն գնումներ կատարել, այլեւ հանգստանալ:
Տոնավաճառը կազմակերպելու համար պետբյուջեից գումարներ չեն հատկացվել, ըստ Ս. Կարապետյանի` ֆինանսավորումն իրականացնում են հովանավորները: Գյուղացիներից նույնպես գումար չի գանձվելու:




























