Լիբանանը եւ Իսրայելը մոտենում են ծովային սահմանի համաձայնության հասնելուն, հայտարարել են ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը եւ լիբանանցի պաշտոնյաները, հաղորդում է AP-ն:
Լիբանանը եւ Իսրայելը պաշտոնապես պատերազմի մեջ են 1948-ին Իսրայելի ստեղծումից ի վեր, եւ երկու երկրներն էլ հավակնում են Միջերկրական ծովի մոտ 860 քառակուսի կիլոմետր տարածքին:
ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ անվտանգության ավագ խորհրդական Ամոս Հոխշտեյնը, ով որպես միջնորդ էր հանդես գալիս երկու հարեւանների միջեւ, լավատեսություն է հայտնել Բեյրութում Լիբանանի նախագահի, ժամանակավոր վարչապետի եւ խորհրդարանի խոսնակի հետ հանդիպումներից հետո:
Բարձրագույն ղեկավարության հետ Հոխշտեյնի համատեղ հանդիպումը կարող է վկայել այն մասին, որ բեկումը մոտ է, եւ որ Լիբանանի քաղաքական ղեկավարությունը կողմ է այդպիսի գործարքին:
«Մթնոլորտը դրական է, եւ բացն այս ոլորտում նեղանում է»,- հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է խորհրդարանի փոխնախագահ Էլիաս Բու Սաաբը:
Հոխշտեյնը Բեյրութ էր ժամանել կիրակի օրը, որպեսզի Լիբանանին տեղեկացնի վիճելի ծովային սահմանի վերաբերյալ Բեյրութի հունիսյան առաջարկին Իսրայելի պատասխանի մասին:





























