Անհնար է տարբերակ, որ կարող է լինել խաղաղության պայմանագիր` առանց Արցախը շոշափելու, որովհետեւ խաղաղության օրակարգի հիմքում սահմանազատումն ու սահմանագծումն է եւ դրա արդյունքում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը` անդրադառնալով ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությանը, որ հնարավոր է քննարկել տարբերակ, որ հայ-ադրբեջանական հարաբերությունները տարանջատվեն Արցախի հարցից:

«Հայաստանի իշխանությունները եթե բանակցում են, իրենք անկեղծ չեն ու չեն ասում` ինչ են բանակցում ընդհանրապես, որովհետեւ շրջանցել Արցախը ու բանակցել խաղաղության օրակարգի շուրջ, ես չեմ պատկերացնում ինչ գործ ուներ Հայաստանը էդ ամբողջ խառնաշփոթի մեջ: Կամ մյուս տարբերակը, որ իրենք վերջնականապես պետք է հայտարարեն, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են Արցախի հիմնախնդրի հարցից, այսինքն` որպես բանակցող կողմ չեն լինելու, այսինքն` վերջնական հրաժարվելու են Արցախի հարցից:

Տարբերակ, որ կարող է լինել խաղաղության պայմանագիր իրենք կնքեն առանց Արցախը շոշափելու, անհնար է, որովհետեւ խաղաղության օրակարգի հիմքում սահմանազատումն ու սահմանագծումն է եւ դրա արդյունքում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը: Եթե իրենք ճանաչելու են Ադրբեջանի տարածքային  ամբողջականությունը, հետեւաբար իրենք ճանաչելու են Արցախը Ադրբեջանի մաս, որովհետեւ Հայաստանը ինքը չի ճանաչել Արցախը որպես անկախ պետություն: Ստացվում է այնպես, որ ուղղակի այդ բոլոր գործընթացները, որ իրենք անում են, կրկին փափուկ բարձ են դնում ժողովրդի գլխի տակ եւ սա զուտ մեկ շահ է հետապնդում` ինչքան հնարավոր է` երկարացնել իրենց իշխանության կյանքը: Թե մենք ինչ աղետների ենք առնչվելու միայն Աստված գիտի այս պահին»,- ասաց նա:

Պատգամավորի խոսքով` Արցախում ոչ թե հանգստություն է, այլ անորոշություն է, սակայն քաղաքական առումով լուրջ գործընթացներ են ընթանում:

«Քաղաքական ընդդիմադիր ուժերի համար գոնե ակնհայտ է, որ Արցախից Հայաստանի իշխանությունները իրենց ձեռքերը լվացրել են, գուցե հասարակությունը դա լավ չի գիտակցում, բայց մի օր դա ակնհայտ է դառնալու, եւ մենք պետք է ինքնակազմակերպված լինենք եւ մենք այդ առումով նախապատրաստություններ ենք անում: Վաղ թե ուշ մենք պետք է կտրուկ քայլերի գնանք, որ Հայաստանի իշխանությունները Արցախի հետ կապված գործընթացի չմասնակցեն,  ուղղակի մեզ դեռեւս պահում է այն հանգամանքը, որ Արցախը բանակցային կողմ չէ, պետք է հասնենք նրան, որ Արցախը եւս կարողանա իր ձայնը լսելի դարձնել: Կամ հնարավոր է, որ ինչ-որ մի օր Հայաստանի իշխանություններն ասեն` գնացեք, ձեր գլխի ճարը տեսեք, այսինքն` մենք ցանկացած սցենարի պետք է պատրաստ լինենք եւ այդ առումով մենք բավականին աշխատանքներ արել ենք, անում ենք, որ պատրաստ լինենք այդ զարգացումներին: Իհարկե, եթե Հայաստանի իշխանությունները ցանկանան փակել Արցախի հարցը, Արցախում բոլորը ոտքի կկանգնեն եւ բոլորը կտեսնեն Արցախի ուժը»,- ասաց նա:

Հակոբյանի խոսքով` եթե Արցախի իշխանությունները լուռ հետեւում են տեղի ունեցող գործընթացներին, ապա ստացվում է, որ Հայաստանի իշխանությունների հետ լուռ հանձնում են Արցախը:

Պատգամավորը նշեց, որ շուտով  Արցախի Հանրապետության նոր Սահմանադրությունը պատրաստ կլինի, որից հետո էլ դեկտեմբերի 10-ին նախատեսված է անցկացնել հանրաքվե. «Եթե ժողովուրդը այս փոփոխություններին այո է ասում, ապա մենք գնում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների, այս անգամ արդեն անջատ իրարից»:

Անդրադառնալով` Ալիեւ-Փաշինյան հնարավոր հանդիպմանը, Մետաքսե Հակոբյանը նշեց, որ ոչ մի ակնկալիք այդ հանդիպումից պետք չէ ունենալ։ «Պարտված ղեկավարը գնալու է, գլուխը կախ լսելու է Ալիեւի հանձնարարականները, որպեսզի հետ գա եւ հլու հնազանդ կատարի: Ամեն դեպքում հիմա վիճակը շատ ավելի վատ է, այսպիսի վիճակ Արցախում չի եղել նույնիսկ խորհրդային տարիներին»,- հավելեց նա: