Ժամը 22։00-ի դրությամբ Արցախի Հանրապետության հյուսիսային և հյուսիս-արևմտյան առաջնագծի երկայնքով իրավիճակը հարաբերական կայուն է և շարունակում է գտնվել Պաշտպանության բանակի լիարժեք վերահսկողության  տակ, NEWS.am-ին տեղեկացնում են Արցախի տեղեկատեվական շտաբից։

«Հայկական կողմի կենդանի ուժի և դիրքային կորուստների մասին սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կողմից տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, և ՊԲ զինվորական անձնակազմը շարունակում է պաշտպանել իրեն վստահված բնագիծը։

ՊԲ հրամկազմը Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համապատասխան քայլեր է ձեռնարկում իրադրության հանգուցալուծման ուղղությամբ:

Մեկ անգամ ևս հորդորում ենք մեր հայրենակիցներին զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց»։

Հիշեցնենք, որ այսօր՝ ժամը 09:00-ից սկսած, Արցախի Հանրապետության հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում ադրբեջանական ստորաբաժանումները դիմել են սադրանքի՝ կատարելով շփման գիծը հատելու փորձեր, որոնք կասեցվել են ՊԲ ստորաբաժանումների ուժերով: Հայկական կողմից կորուստներ չկան: Իրադրությունը շարունակում է մնալ լարված: Կատարվածի մասին հանգամանալից տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։