Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանն այսօր ազատ է արձակել օգոստոսի 9-ին ձերբակալված ՀԱԿ ակտիվիստներից երկուսին` Սարգիս Գեւորգյանին եւ Արտակ Կարապետյանին, իսկ Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը թողել է ուժի մեջ: Դատարանում երեք առանձին նիստեր են կայացել, որոնց ընթացքում դատավորը որոշում են կայացրել ազատ արձակել ՀԱԿ ակտիվիստներից երկուսին:

Մասնավորապես Սարգիս Գեւորգյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը միջնորդություն է ներկայացրել խափանման միջոց կալանքը փոխարինել քաղաքից չբացակայելու ստորագրությամբ, եւ դատավորների եռյակը բավարարել է միջնորդությունը:

Արտակ Կարապետյանի դեպքում փաստաբան Վարդուհի էլբակյանը միջնորդել է կալանքը փոխարինել 3 միլիոն դրամ գրավով, միջնորդությունը կրկին բավարարվել է:

Տիգրան Առաքելյանի, ով մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ վտանգավոր եւ ոչ վտանգավոր բռնություն կիրառելու մեջ (316 հոդվածի 1-ին եւ 2-րդ մասեր) խափանման միջոց կալանքը մնացել է նույնը, քանի որ դատարանը բավարար չի համարել նրա փաստաբանի ներկայացրած հիմքերը: Փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտարարել է, որ բողոքարկելու է դատարանի վճիռը Վճռաբեկ դատարանում:

Նշենք, որ վերաքննիչ դատարանի առջեւ ՀԱԿ բազմաթիվ համակիրներ էին հավաքվել, որոնք պահանջում էին ազատ արձակել ձերբակալվածներին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության աշխատակիցները օգոստոսի 9-ին բերման են ենթարկել ՀԱԿ 7 ակտիվիստների` Տիգրան Առաքելյանին, Սահակ Մուրադյանին, Արեգ Գեւորգյանին, Սարգիս Գեւորգյանին, Արտակ Կարապետյանին, Դավիթ Քիրամիջյանին եւ Վահագն Գեւորգյանին:

Հելսինկյան Ասոցիացիայի փոխանցմամբ, Կարապի լճի մոտ երիտասարդները մոտեցել են ՊՊԾ գնդի աշխատակիցներին, երբ վերջիններս ստուգելիս են եղել մի քանի անցորդների: Երիտասարդները պահանջել են հիմնավորել իրենց գործողությունները, որից հետո էլ հենց ոստիկանները բռնություն են գործադրել եւ ծեծի ենթարկել երիտասարդներին:

Բերման ենթարկված ՀԱԿ-ի ակտիվիստների փաստաբաններին եւ շտապ օգնության բժիշկներին երկար ժամանակ թույլ չեն տվել մտնել ոստիկանական բաժանմունք: Ի վերջո, երիտասարդներին պաշտպաններին դա թույլ են տվել, որից հետո փաստաբան Վահե Հովսեփյանը դուրս գալով հայտարարել է, որ երիտասարդների վրա ակնհայտ բռնության հետքեր են եղել:

Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 12-ին Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի ու Սարգիս Գեւորգյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում է կայացրել, իսկ մյուսներին ազատել չհեռանալու մասին ստորագրությամբ:

Նշենք, որ այսօր պետք է կայանար ՀԱԿ-կոալիցիա բանակցությունների հերթական փուլը, սակայն Լեւոն Զուրաբյանի եւ Դավիթ Հարությունյանի հեռախոսազրույցից հետո այն հետաձգվել էր մինչեւ օգոստոսի 23-ը: