Չինաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցներն ազգային ինքնիշխանությունը պաշտպանելու համար՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայվան կատարած այցին ի պատասխան, բոլոր հետեւանքների համար պատասխանատվություն կկրեն Վաշինգտոնն ու Թայբեյը, երեքշաբթի հայտարարել է Չինաստանի ԱԳՆ-ն։
«Չինաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ազգային ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վճռական պաշտպանության համար՝ ի պատասխան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահի՝ Թայվան կատարած այցին։ Միացյալ Նահանգները եւ Թայվանի անկախության կողմնակից անջատողական ուժերը պատասխանատվություն կկրեն բոլոր հետեւանքների համար»,- ասվում է երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
Փելոսին երեքշաբթի երեկոյան ժամանել է Թայբեյի Սոնգշան օդանավակայան, նրա այցն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի առաջին այցն է 1997 թվականից ի վեր: ԱՄՆ վարչակազմը, որին Չինաստանի նախագահը նախազգուշացրել էր, որ կրակի հետ խաղացողը կարող է այրվել, հավաստիացրել է Պեկինին մեկ Չինաստանի քաղաքականությանն իր հանձնառության մասին, սակայն հայտարարել է, որ խոսնակն ինքն է որոշումներ կայացնում։





























