Նախկինում հայերի համար սեւ ցուցակներ կային միայն Ադրբեջանում եւ Թուրքիայում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳՆ շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող սփյուռքահայ երիտասարդներից մեկը:
«Ես գիտեի, որ երկու երկիր կար, որոնց սեւ ցուցակներում հայերի անուններ կային: Բայց մի քանի օր առաջ իմացա, որ Հայաստանի Հանրապետությունը միացավ Թուրքիային եւ Ադրբեջանին: Մենք չենք կարող ընդունել այս իշխանությունների՝ մեր կուսակցության հանդեպ թիրախավորված գործողությունները»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է կազմակերպել Հայաստանի ԱԳՆ-ի դիմաց՝ Ընդդեմ սփյուռքահայերի Հայաստան մուտք գործելու ապօրինի արգելքի:
Վերջին օրերին երեք սփյուռքահայ դաշնակցական գործիչների՝ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող Մուրադ Փափազյանին, ՀՅԴ Նիդեռլանդների Հայ Դատի ատենապետ Մասիս Աբրահամյանին եւ «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանին թույլ չի տրվել մուտք գործել Հայաստան։











