Ղազախստանի իշխանություները կասեցրել են LiveJournal-ի եւ LiveInternet-ի հասանելիությունը։ Այդ երկրի կապի եւ տեղեկատվության նախարար Ասքար Ժումագալիեւը փաստը բացատրել է Աստանայի Սարիարկինյան դատարանի որոշմամբ, հայտնում է km.ru-ն։

Դատարանի ներկայացուցիչներն իրենց հերթին հայտարարել են, որ LiveJournal-ի փակման որոշումը կայացվել է 2011 թվականի օգոստոսի 5-ին։ «LiveJournal-ի եւ LiveInternet-ի միջոցով տարածվում են ահաբեկչության եւ կրոնական ծայրահեղականության տարրեր քարոզող նյութեր»,-Աստանայի դատարանի պաշտոնական ներկայացուցչի խոսքերն է մեջբերում Tengirnews.kz-ը։

Որոշումն ուժի մեջ կմտնի օգոստոսի 20-ից, սակայն որոշ ղազախստանցիներ նշել են, որ LiveJournal-ն ու LiveInternet-ն անհասանելի են արդեն ամսի 19-ից։