Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորները պաշտոնական նամակով դիմել են Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանին՝ խնդրելով աջակցել Յուլիա Տիմոշենկոյին։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս տեղեկատվությունը հաստատեց ինքը՝ Զոհրաբյանը՝ ավելացնելով, որ նամակը հասցեագրվել է իրեն, քանի որ ինքը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ է, Եվրանեսթի փոխնախագահը, Հայաստան-ԵՄ միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահը։

«Վստահ չեմ, սակայն ենթադրում եմ, որ նույն հարցով Գերագույն Ռադայի պատգամավորները դիմել են միջազգային կառույցներում ներկայացված այլ կին-պատգամավորների եւս»,- նշեց Զոհրաբյանը։

Պատգամավորը նաեւ չբացառեց, որ ԵԽԽՎ սեպտեմբերյան նստաշրջանում Տիմոշենկոյի կողմնակիները կփորձեն օրակարգ ներառել նրա ձերբակալության հարցը։ «Անձամբ իմ աջակցությունը կարող է լինել այն, որ կոչ արվի միջազգային հանրությանը հետեւել, որպեսզի Տիմոշենկոյի հանդեպ դատական գործընթացը ազատ եւ արդար լինի, իրականացվի օրենքի տառին համապատասխան»,- նկատեց Զոհրաբյանը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին մեղադրանքներ են առաջադրվում Ռուսաստանից ներմուծվող գազի մասին 2009 թվականի պայմանգրի ստորագրման ժամանակ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասով։ Նշենք, որ սա Տիմոշենկոյի նկատմամբ հարուցված երեք գործերից մեկն է։ Մյուս երկուսը վերաբերում են միջոցները ոչ նպատակային ծախսելուն, որոնք, սակայն, դեռեւս դատարան չեն հասել։