Շվեյցարիայի կառավարությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ ոսկու եւ ոսկյա արտադրանքի հետ կապված Եվրամիության վերջին միջոցառումներին համապատասխան, հայտնում է Reuters-ը։

Կառավարությունը հայտարարել է, որ երկու նոր բացառություններ է արել գյուղատնտեսական ապրանքների եւ երրորդ երկրներին նավթի մատակարարումների հետ կապված գործարքների համար, որոնք ունի նաեւ ԵՄ-ն՝ վճարային ուղիներում որեւէ խափանումից խուսափելու համար:

 «Նոր միջոցներն առաջին հերթին վերաբերում են Ռուսաստանից ոսկու եւ ոսկյա իրերի գնման, ներմուծման կամ փոխադրման արգելքին։ Արգելվում են նաեւ այդ ապրանքների հետ կապված ծառայությունները»,- ասվում է կառավարության հայտարարության մեջ։

Նշվում է, որ Շվեյցարիան հավատարիմ է գլոբալ պարենային եւ էներգետիկ ճգնաժամի հաղթահարմանը, եւ Ռուսաստանի դեմ ոչ մի միջոց ուղղված չի եղել երրորդ երկրների եւ Ռուսաստանի միջեւ գյուղատնտեսական կամ պարենային ապրանքների առեւտրի դեմ։

«Վճարային ուղիների խաթարումից խուսափելու համար Դաշնային խորհուրդը (Նախարարների կաբինետը) երկու նոր բացառություն է արել գյուղատնտեսական ապրանքների եւ երրորդ երկրներին նավթի մատակարարումների հետ կապված գործարքների համար, ինչպես եւ ԵՄ-ի»,- ասվում է հաղորդման մեջ։
ԵՄ ընկերությունների կողմից ռուսական ծովային նավթի գնումը եւ դրա արտահանումը երրորդ երկրներ թույլատրվում է, սակայն, անցյալ ամիս ուժի մեջ մտած Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների փոփոխությունների համաձայն, այդպիսի մատակարարումների հետ կապված վճարումները չեն արգելվի։
Շվեյցարիայի կառավարությունը նշել է, որ Ռուսաստանի խոշորագույն բանկը՝ «Սբերբանկ»-ը, եւս սառեցրել է իր ակտիվները եւ նրան արգելված է միջոցներ, տնտեսական ռեսուրսներ կամ տեխնիկական ծառայություններ տրամադրել։