ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը սուր քննադատության է ենթարկել նավթագազային ընկերությունների «գրոտեսկային ագահությունը»՝ էներգետիկ ճգնաժամից աշխարհի ամենաաղքատ մարդկանց հաշվին ռեկորդային շահույթներ ստանալու համար։

Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը «անբարոյական» է անվանել այն, որ խոշորագույն էներգետիկ ընկերությունները տարվա առաջին եռամսյակում մոտ 100 միլիարդ դոլարի ընդհանուր շահույթ են ունեցել։ Նա կոչ է արել բոլոր կառավարություններին հարկել այդ ավելցուկային շահույթը «եւ օգտագործել միջոցները՝ առավել խոցելի մարդկանց այս դժվարին ժամանակներում աջակցելու համար»։

Գուտերեշը կոչ է արել մարդկանց ամբողջ աշխարհում ուղերձ հղել հանածո վառելիքի արդյունաբերությանը եւ նրանց ֆինանսիստներին, որ «այդ սարսափելի ագահությունը պատժում է ամենաաղքատ եւ խոցելի մարդկանց՝ ոչնչացնելով մեր միակ տունը»:

«Յուրաքանչյուր երկիր այս էներգետիկ ճգնաժամի մասն է, եւ բոլոր երկրներն ուշադրություն են դարձնում այն ​​ամենին, ինչ անում են մյուսները,- ասել է Գուտերեշը:- Այստեղ կեղծավորության տեղ չկա»։