Ադրբեջանում դատապարտված բլոգեր Բախտիար Հաջիեւի մայրը՝ Սոլիդա Մովլաեւան, դիմել է ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնին։

Նա օգնություն է խնդրում որդու համար՝ հիշեցնելով,որ Բախտիարն ազատազրկված է 2010 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում ծավալած գործունեության՝ մասնավորապես սոցիալական ցանցում իշխանությունների ավտորիտար քաղաքականության քննադատության համար։

«Որդիս աչքի pteregium հիվանդություն ունի, նա դատապարտվել է երկու տարվա ազատազրկման։ Բանտային պայմաններում հիվանդությունը խորացել է, իսկ բժշկական օգնություն չի ցուցաբերվում, նրան թույլ չեն տալիս նաեւ հանդիպել փաստաբանի եւ ընկերների հետ»,- ասված է դիմումում։

Մայրը նաեւ հիշեցրել  է, որ իր որդին հաջողությամբ սովորել է ԱՄՆ-ում եւ ժողովրդավարական արժեքների կրող է։ «Ադրբեջանում ազատ միտք հայտնելը մեղք է։ Նրան մեղադրում են բանակում ծառայությունից խուսափելու մեջ, ծաղրում են անգամ նրա հարվարդյան կրթությունը»,- գրել է Սոլիդա Մովլաեւան։

«Տիկին Քլինթոն, ինձ ոչ ոք չի օգնում։ Խնդրում եմ Ձեզ, իմ դիմումն անպատասխան չթողնել, քանի որ Դուք մեր վերջին հույսն եք։ Օգնեք ինձ որպես մայր»,- ասված է դիմումում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, երկու երիտասարդ ակտիվիստներ՝ Ջաբար Սավալանն ու Բախտիար Հաջիեւը Facebook-ն օգտագործել էին Ադրբեջանում հակակառավարական ցույցերի կոչեր տարածելու համար։ Դրանից հետո նրանց թմրանյութ պահելու եւ ծառայությունից խուսափելու մեղադրանքներ էին առաջադրվել։