Ալիեւների դինաստիայի գոյության բուն փաստը, ազգային փոքրամասնությունների իրավունքների պարբերական խախտումները, ռասիզմը, հայատյացությունը, այլատյացությունը` այդ ամենը եւ շատ այլ բաներ ցույց են տալիս, որ «հանդուրժողականություն» եւ «ժողովրդավարություն» հասկացություններն ընդհանրապես անհամատեղելի են Ադրբեջանի հետ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
«Եթե ամենաբարձրաստիճան պատասխանատու անձանցից կարելի է լսել «թյուրքական արմատներ չունեցող պաշտոնյաներից ազատվելու վերաբերյալ» կոչեր, ապա այդ պարագայում ինչպե՞ս կարելի է խոսել ժողովրդավարության, եվրոպական արժեքների եւ նմանօրինակ այլ բաների մասին»,- հարց է բարձրացնում Բաբայանը:
Նրա խոսքով, պաշտոնական Բաքվի տարբեր հայտարարությունները, որտեղ փորձում է արվում ներկայացնել Ադրբեջանին ժողովրդավարական երանգների մեջ, պետք չէ խառնել իրականության հետ: «Կարելի է ասել ցանկացած բան, բայց գործողություններն են ցույց տալիս իրական պատկերը»,- ընդգծել է Բաբայանը` հավելելով, որ նույնիսկ Իրանը, հանդիսանալով մահմեդական պետություն, Ադրբեջանին «իր տեղն է ցույց տալիս», քանի որ տեսնում է նրա կողմից իրականացվող քաղաքականության մեջ առկա վտանգը:
«Ես արդեն չեմ խոսում այն մասին, որ պաշտոնական Բաքուն շարունակաբար տարածքային անհեթեթ հավակնություններ է արտահայտում Հայասատանի նկատմամբ, ընդհուպ մինչեւ հայտարարում է, որ Երեւանը ադրբեջանական տարածք է»,- նշել է զրուցակիցը:
ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարի կարծիքով, նմանօրինակ հայտարարություններն ունեն մեկ կարեւոր եւ օբյեկտիվ պատճառ: «Ադրբեջանցի` նման ազգ ընդհանրապես գոյություն չունի, այն դեռ չի հասցրել ձեւավորվել: Արհեստական ազգ, որը ստեղծվել է նախորդ դարի առաջին կեսին, այսօր փորձում է ինքնահաստատվել: Դրանով է հիմնավորված ադրբեջանական ապակառուցողականությունը»,-նշել է Բաբայանը` շեշտելով, որ այդ հանգամանքը պատճառ է նաեւ, որ այսքան երկար ժամանակ չի հաջողվում կագավորել ղարաբաղյան հակամարտությունը:




























