Ստամբուլի հատուկ իրավասություններով դատախազ Հիքմեթ Ուստան Դինքի սպանության գործով հերթական դատավարությանը կհայտարարի, թե «Էրգենեկոն»-ի գործով մեղադրյալները կապ չունեն Դինքի սպանության հետ:

Թուրքական Star-ի փոխանցմամբ՝ դատախազն ամիսներ առաջ գրավոր հարց էր ուղղել ոստիկանությանը, թե արդյո՞ք որեւէ կապ կա «Էրգենեկոն»-ի գործով անցնող մեղադրյալների եւ Հրանտ Դինքի սպանության միջեւ: Ոստիկանությունը պատասխանել է, թե որեւէ փաստ չեն գտել՝ նման պնդում անելու համար:

Դինքի սպանության գործով հերթական դատավարության ժամանակ դատախազը պատրաստվում է դատարանին ներկայացնել ոստիկանության հիշյալ պատասխանը, որով դատարանը փակված կհամարի «Էրգենեկոն»-ի կապը Դինքի սպանության հետ: 

Նշենք, որ Դինքի հանդեպ մահափորձ կազմակերպելու փաստեր հայտնի էին դարձել «Էրգենեկոն»-ի, «Վանդակ» եւ «Մեծ մուրճ» գործերով նախաքննությունների ընթացքում: