Որոշ շրջանակներ առաջ են քաշում Հարավայի Կովկասում համադաշնության ստեղծման գաղափարը` կարծելով, թե դա տարածաշրջանի բոլոր հիվանդությունների բուժման դեղամիջոցն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Լեռնային Ղարաբաղի  նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով, Համադաշնության ստեղծումը հնարավոր է միայն երկու դեպքում:

«Առաջին, երբ ինչ-որ ուժ բռնությամբ կմիավորի որոշակի տարածքներ: Օրինակ, ինչպիսին Խորհրդային Միությունն էր, որը գոյությունը երկար չտեւեց: Երկրորդը, երբ կառաջանա լուրջ վտանգ, որը ստառնալիք կհանդիսանա մի քանի պետությունների համար, որի համար նրանք կցանկանան մի կողմ դնել իրենց տարաձայնությունները եւ միավորվել: Այսօր Հարավային Կովկասում չկա ոչ մեկը, ոչ էլ մյուսը»,-ընդգծել է Բաբայանը: Նրա կարծիքով, մեր տարածաշրջանի դեպքում դա տեսականորեն հնարավոր է, բայց ոչ թե որպես դարման հիվանդության դեմ, այլ որպես միջոց` գոյություն ունեցող բոլոր խնդիրների լուծման համար: Դավիթ Բաբայանը շեշտել է, որ դրա համար, առաջին հերթին, անհրաժեշտ է տարածաշրջանում բնակվող կովկասյան, թյուրքական, իրանական արմատներ ունեցող ժողովուրդների ցանկությունն ու համաձայնությունը, անհրաժեշտ է, որ Ադրբեջանը դադարի լինել բռնապետական եւ ավտորիտար պետություն: «Անհրաժեշտ է փոխադարձ համաձայնություն, եւ որ ամենակարեւորը` հարգանք: Իսկ դրան հասնել մոտ ապագայում հնարավոր չէ»,-կարծում է ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը:

«Հարավային Կովկասը երբեք միասնական չի եղել, բացառությամբ այն դեպքերի, երբ բռնի ձեւով ընդգրկվել է այս կամ այն պետության կազմի մեջ»,-նշել է Դ. Բաբայանը: