Առողջապահության բնագավառում համագործակցության հնարավոր ուղղություններին առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ ռուսական «Աֆինա Պալլադա» հոլդինգի «Նովեկ Գրուպ» ընկերության տնօրեն Ժիրայր Էպոյանի հանդիպման ժամանակ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ, առողջապահության ոլորտում կարեւորելով ժամանակակից բուժծառայությունների մատուցման անհրաժեշտությունը, Կարեն Կարապետյանն ընդգծել է, թե Երեւանն այսօր նպաստավոր մեծ դաշտ է ապահովում ներդրումների համար եւ, ցանկացած կառուցողական առաջարկի դեպքում, քաղաքապետարանը պատրաստ է համագործակցության: «Նովեկ Գրուպ»-ի ղեկավարն իր հերթին քաղաքապետին է ներկայացրել իրենց ընկերության մոտեցումներն այս հարցում, եւ ընդգծել, որ ընկերությունը պատրաստ է գերժամանակակից կլինիկական ծառայությունների մատուցման բնագավառում Երեւանում ներդրումներ կատարել: Այս համատեքստում «Նովեկ Գրուպ» ընկերությունը ցանկություն է հայտնել համատեղ ձեռնարկություններ ստեղծել «Սրտաբանություն» գիտահետազոտական ինստիտուտի եւ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի հիվանդանոցային համալիրի հետ: Առաջարկվող ներդրումային ծրագրի շրջանակում առաջիկա 5 տարիներին կիրականացվեն մասնաշենքերի հիմնանորոգման, տեղեկատվական ավտոմատացված համակարգերի ներդրման, նոր բաժանմունքների ստեղծման, տեխնիկական վերազինման եւ մի շարք այլ աշխատանքներ: Ձեռքբերված պայմանավորվածության համաձայն` «Նովեկ Գրուպ» ընկերությունն առաջիկայում կներկայացնի առաջարկների փաթեթ, որում հստակեցված կլինեն ներդրումային ծրագրի բաղադրիչները` իրականացման հստակ ժամանակացույցով:




























