ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ երկրի իշխանությունները հավատարիմ են Ֆիլիպինների հետ փոխադարձ պաշտպանության պայմանագրի դրույթներին, գրում է CNN-ը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը պատրաստ է պաշտպանել Մանիլան՝ Հարավչինական ծովում հանրապետության ուժերի վրա հարձակման դեպքում։

«Ֆիլիպինների զինվորականների, կառավարական նավերի եւ օդանավերի վրա զինված հարձակումը կհանգեցնի այս պայմանագրով ԱՄՆ-ի փոխադարձ պաշտպանության պարտավորություններին: Ֆիլիպինները Միացյալ Նահանգների անփոխարինելի բարեկամն է, գործընկերը եւ դաշնակիցը», - ասել է Բլինքենը՝ Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանդ Մարկոս ​​կրտսերի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում:

ԱՄՆ պետքարտուղարի համապատասխան հայտարարությունն արվել է Թայվանի մոտ Չինաստանի լայնածավալ զորավարժությունների պատճառով առաջացած լարվածության աճի ֆոնին։ Պեկինը զորավարժությունները սկսել է ի պատասխան ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ առանց ՉԺՀ-ի համաձայնության Թայբեյ կատարած այցի:

Միեւնույն ժամանակ, ինչպես նշում է CNN-ը, Ֆիլիպինների հետ համագործակցությունը կարեւոր դեր ունի ԱՄՆ-ի համար, քանի որ Մանիլան կարելի է անվանել «Վաշինգտոնի եւ Պեկինի աշխարհաքաղաքական առճակատման հենակետ»։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Մարկոս ​​կրտսերը երկու երկրների հետ հավասարակշռված համագործակցության բարդ խնդիր ունի։