Նորվեգիայում անցկացվում են հուլիսի 22-ի կրկնակի ահաբեկչության 77 զոհերի հիշատակի արարղություններ:
Այսօր Նորվեգիայի Ուտոյա կղզի են այցելում երիտասարդական ճամբարի 69 զոհերի հարազատները: Զոհերի հիշատակը հարգելու էին եկել ուլտրաաջ ծայրահեղական Անդերս Բրեյվիկի զոհը դարձած երիտասարդների կենդանի մնացած ընկերները:
Վաղը Օսլոյում տեղի կունենա հիշատակի ազգային արարողություն, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին սկզբում պայթյուն էր տեղի ունեցել Օսլոյում` կառավարական շենքերի մոտ, իսկ մի քանի ժամ անց ոստիկանական համազգեստով տղամարդը գնդակոծության էր ենթարկել մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Ուտոյա կղզում կառավարող Նորվեգական աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարը: Ողբերգությանը զոհ էր գնացել առնվազն 77 մարդ:
Ահաբեկիչը` 32-ամյա Անդերս Բրեյվիկը դատարանում հայտարարել էր, թե փորձել է փրկել Նորվեգիան: Ահաբեկչությունից առաջ նա համացանցում մանիֆեստ էր հրապարակել, որում դատապարտում էր բազմամշակութայնությունը եւ առաջարկում Եվրոպայից ոչ եվրոպացիների արտաքսման եւ իսլամի ճնշման իր պլանը: Նա հայտարարել էր, որ ունի Եվրոպայից, Հյուսիսային Ամերիկայից, Ավստրալիայից, Հարավային Աֆրիկայից, Հայաստանից, Իսրայելից եւ Հնդկաստանից կողմնակիցների` «մշակութային պահպանողականների» 8000 էլեկտրոնային հասցեներ:




























