Սիրիայում իրավիճակի կայունացման հետ մեկտեղ հայրենիք վերադարձած քաղաքացիները խիստ քննադատության են ենթարկել Թուրքիային:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Milliyet-ը՝ վկայակոչելով սիրիական «Սանա» գործակալությանը, Թուրքիայից Ջիսր-էշ-Շուգուր քաղաք վերադարձած սիրիացիները նշել են, թե իրենց Թուրքիայում գաղթականների համար նախատեսված վրաններում անմարդկային պայմաններում են պահել:
«Բանտի նմանվող եւ վատ պայմաններով վրաններում էինք ապրում: Երբ ցանկանում էինք վերադառնալ, փորձում էին մեզ արգելել: Գաղթականների ճամբարում մնալու համար մեզ գումար էին առաջարկում»,- ասել է Իսմաիլ Էլ-Աբդոն:
Մուհամեդ Էլ-Լուբեվի անունով սիրիացին նշել է, թե Թուրքիայում գաղթականների համար նախատեսված վրաններում ստորացրել են եւ անմարդկային վերաբերմունքի արժանացրել:
Նշվում է, որ Սիրիայում անկայուն քաղաքական իրավիճակի պատճառով Թուրքիա էր անցել է 16 հազար սիրիացի, որոնց կեսն արդեն վերադարձել է հայրենիք:




























