Ֆրանսիացի գործարար Ռաշիդ Նեկկազը սկսել է վճարել եվրոպացի մահմեդական կանանց` փարանջա կրելու համար ներկայացված տուգանքները, հաղորդում է France 24 հեռուստաընկերությունը:

Մոտ մեկ տարի առաջ գործարարը ստեղծել էր «Աշխարհիկ կյանքի եւ ազատության պաշտպանության» հիմնադամը, որին փոխանցել էր մեկ մլն եվրո: Հիմնադրամի նպատակը նա հայտարարել էր  փարանջա կրելու համար տուգանքների վճարումը: Չորեքշաբթի հիմնադրամից կատարվել են առաջին վճարումները` 50-ական եվրո բելգիացի երկու մահմեդական աղջիկների եւ 75 եվրո` ֆրանսիացի մեկ մահմեդականի համար:

Նեկկազի խոսքով` նա հանդես է գալիս մահմեդական կանանց ընտրության ազատության օգտին: «Ես պաշտպանում եմ օրենքի ընդունումը, որը դատապարտում է այն մահմեդական տղամարդկանց, որոնք իրենց կանանց ստիպում են փարանջա կրել: Սակայն  միաժամանակ ես  հանդես եմ գալիս այն օրենքի օգտին, որը կերաշխավորի ազատ դուրս գալ փողոց` փարանջայով, թե առանց դրա: Ընտրության ազատությունը ժողովրդավարության անքակտելի մասն է»,- հայտարարել է Նեկկազը:  Նա կոչ է արել կանանց չվախենալ փողոց դուրս գալ ամբողջությամբ փակված դեմքով` խոստանալով, որ կվճարի տուգանքները` այդ կերպ «չեզոքացնելով» օրենքը:

Նեկկազը ծնվել է Ֆրանսիայում, ալժիրցի փախստականի ընտանիքում: Հաջող գործունեություն  ծավալելով  անշարժ գույքի  ոլորտում,  նա քաղաքական կարիերա է սկսել` բայց առայժմ անհաջող: Նախագահական, խորհրդարանական, մունիցիպալ ընտրություններին մասնակցելու նրա փորձերը հաջողությամբ չեն պսակվել: