Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում դեռ անցած տարվանից մեկնարկել է պետական բնակարանաշինությունը: Պետբյուջեով կառուցվում է Մարալիկի «Սոցիալական» անունը կրող թաղամասը: Ընդհանուր հաշվով 9 շենքից 2-ի շինարարությունն արդեն ավարտված է ու դեռ անցած տարվանից այդ շենքերն հանձնված են Մարալիկի քաղաքապետարանին, սակայն բնակեցված չեն:

«Դրանք մոնոլիտ շենքեր էին, որ ժամանակին երկրաշարժից առաջ սկսել էին կառուցվել լատվիացիները, սակայն կիսատ մնացին: Հետագայում այդ կիսակառույցները թուլացել, կարելի է ասել` վթարային էին դարձել, կառավարության ղեկավարի որոշումով սկսվել է դրանց շինարարությունը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարալիկի գլխավոր ճարտարապետ Գագիկ Գրիգորյանը: Այդ շենքերից երկուսի շինարարությունն արդեն ավարտվել է, հանձնվել են համայնքին, սակայն բնակեցված չեն՝ չնայած այն հանգամանքին, որ Մարալիկում շուրջ 50 ընտանիք սպասում է բնակարանի փոխհատուցման: Բանն այն է, որ այդ շենքերի բնակարանները կառավարության, անձամբ երկրի վարչապետի հրահանգով բոլորը կառուցվել են որպես մեկ սենյականոցներ: Եւ հետեւաբար անօթեւան կամ բնակարանի փոխհատուցում ստանալու ակնկալիք ունեցող բազմանդամ ընտանիքներին տրամադրել հնարավոր չէ: «Այդ շենքերը հիմնականում միայնակ տարեցների, որբերի համար են, ու ոչ միայն Մարալիկի բնակիչների, եթե այլ համայնքներից էլ կամեցող լինի, կընդգրկենք ծրագրում ու բնակարան կստանան սոցիալական թաղամասում»: Սակայն նշենք, որ գյուղերից հրաժարվում են տեղափոխվել, քանի որ մշակովի ցանքատարածություններ չկան, մարզի մյուս քաղաքաներից էլ հրաժարվում են ապրել Մարալիկի «Սոցիալական» թաղամասում: