Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում, որտեղ բախումներ են տեղի ունենում կառավարական ուժերի եւ ապստամբների միջեւ, օգոստոսի 21-ին ավելի քան 100 մարդ է զոհվել, հաղորդում է «Ալ Ջազիրան»:
Լրագրողները հղում են կատարել խմբագրություն զանգահարած ականատեսների վկայություններին: Կողմերից եւ ոչ մեկը զոհերի եւ վիրավորների մասին տվյալներ չի ներկայացրել:
Օգոստոսի 20-ի երեկոյան ապստամբների զորքերն սկսել էին Տրիպոլիի գրոհը: Առավոտյան Քադաֆիի որդին` Սեյֆ ալ Իսլամը հանդես է եկել հեռուստաուղերձով` հայտարարելով, թե մայրաքաղաքում բոլոր մարտերն ապստամբները տանուլ են տվել: Միաժամանակ CNN-ի թղթակիցները վստահեցնում են, որ ապստամբների ուժերը վստահաբար առաջ են շարժվում դեպի Տրիպոլի եւ ճնշում են կառավարական ուժերին երկրի մյուս շրջաններում:
Իր հերթին Լիբիայի ազգային անցումային խորհրդի ներկայացուցիչը հայտարարել է, որ Քադաֆիի մի շարք կողմնակիցներ անցել են ընդդիմության կողմը:




























