Գերմանական Համբուրգում կրկնվում է լոնդոնյան սցենարը: Գիշերը երիտասարդների խումբն անկարգություններ է կատարել: Նրանք փորձել են գրոհով վերցնել բանկերից մեկի շենքը: Պատին ինչ-որ մեկը գրել է «Լոնդոնն ամենուր է», հաղորդում է 5-tv.ru-ն:
Գերմանիայի երկրորդ քաղաքում նախօրեին տեղի ունեցած երեկույթը վեր է ածվել ցույցի, որն ուղեկցվել է անկարգություններով եւ ձերբակալություններով: Անկարգություն հրահրողները փողոցներից մեկում բարիկադներ են սարքել, հետո այրել: Թե ինչն է դրդել նրանց այդ քայլին, չի հաղորդվում, փոխանցում է «Ռոյթերը»:
Գերմանական ոստիկանությունը մի փոքր ավելի կոշտ է վարվել, քան անգլիականը: Խուլիգաններին ցրել են գազի եւ ջրցան մեքենաների օգնությամբ: Անկարգությունների ճնշմանը մասնակցել են ավելի քան 2, 5 հազար իրավապահներ: Առանձին ստորաբաժանում ստիպված է եղել պահպանել բանկի շենքը, որտեղ փորձել են թափանցել չարագործները: Ձերբակալվածների թվի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:




























