Ամերիկացի երկու զբոսաշրջիկներ դատապարտվել են 8 տարի ազատազրկման` Իրանի սահմանն ապօրինի հատելու եւ ԱՄՆ օգտին լրտեսության համար, փոխանցում է բրիտանական Guardian-ը:

29-ամյա երկու ամերիկացիներ` Շեյն Բաուերը եւ Ջոշ Ֆատալը ձերբակալվել էին 2009թ. հուլիսին Իրաքի Քուրդիստան նահանգի մոտ իրան-իրաքյան սահմանագիծը հատելու համար:  

Նրանց նկատմամբ դատաքննությունն ավարտվել էր անցած ամիս: Ձերբակալվածների փաստաբան Մուսադ Շաֆին ավելի վաղ նշել էր, որ դատաքննության ողջ ընթացքում իրեն չի հաջողվել տեսակցել իր պաշտպանյալներին:«Լրտեսության կամ ապօրինի սահմանը հատելու օգտին ոչ մի վկայություն չկա: Ցավոք, նրանք  պատանդ են դառնում կառավարության քաղաքական խաղերին: Քաղաքական տեսակետից նրանք պետք է հնարավորինս արագ բաց թողնվեն, քանի որ այս պրոցեսը վնասում է Իրանի հեղինակությանը»,-նշել է փաստաբանը: