Ռուսաստանը հանդես է եկել Իրանում Բուշերի նախագծի ավարտից հետո նոր ատոմակայաններ կառուցելու «առաջարկով»: Այդ մասին օգոստոսի 21-ին հայտնել են իրանական լրատվամիջոցները` վկայակոչելով Իրանի իսլամական հանրապետության միջուկային ծրագրի ղեկավարի հայտարարությունը, հաղորդում է AFP-ն:

«Մենք բանակցություններ ենք վարել ռուսական կողմի հետո նոր ատոմակայաններ կառուցելու հարցի շուրջ: Նրանք որոշակի առաջարկով են հանդես եկել»,- հայտնում է «Ռեզալաթ» թերթը` մեջբերելով Ֆերեդուն Աբասի-Դավանիին (Fereydoon Abbasi Davani):

«Մենք շարունակելու ենք փոխանակվել մտքերով եւ փոխադարձ առաջարկություններով, մինչեւ չհասնենք որոշակի արդյունքների»,- հավելել է Աբասի Դավանին:

Աբասի Դավանին պնդում է, որ Մոսկվայի հետ ցանկացած պայմանավորվածություն ձեռք է բերվելու այնպես, «որ հաշվի առնվեն երկու կողմի հետաքրքրությունները»:

Ապագա ատոմակայանների քանակի եւ նրանց գտնվելու վայրի մասին մանրամասներ նա չի հայտնել: Ռուսաստանը Իրանում միակ ատոմակայանը կառուցել է Բուշեր քաղաքում: