Հայաստանի Արդարադատության խորհուրդն ու Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը շարունակում են իրար հետ շփվել մեղադրական բնույթի հայտարարություններով:

Արդարադատության խորհուրդն ի պատասխան Մարդու իրավունքի պաշտպանի գրասենյակի այսօրվա հայտարարության տարածել է հետեւյալ հաղորդագրությունը.

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը օգոստոսի 22-ի իր պատասխանում խեղաթյուրել է ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի օգոստոսի 19-ի տարածած հայտարարության բովանդակությունը, ըստ էության, ապատեղեկատվություն է համարել միջազգային փաստաթղթերի պահանջները եւ Սահմանադրական դատարանի որոշումից մեջբերումները:

Ելնելով վերոգրյալից` Մարդու իրավունքների պաշտպանին խորհուրդ ենք տալիս արդարանալու փոխարեն գործել իր լիազորությունների շրջանակներում` հաշվի առնելով միջազգային փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության եւ օրենսդրության պահանջները»:

Սույն հայտարարությանն անմիջապես արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը: Պատասխան հայտարարության մեջ ասված է. «Մարդու իրավունքների պաշտպանը եւ իրավագիտակցությամբ օժտված հասարակությունը կսպասեն Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի արդար որոշմանը: Գոնե այս որոշումը կայացնելիս, հուսով ենք, նրանց կհաջողվի դրսեւորել միջազգային փաստաթղթերի, ՀՀ Սահմանադրության եւ օրենքների` իրենց իմացությունը»: