«Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոնողափրկարարական աշխատանքները ներկա պահին տարվում են ենթադրվող էպիկենտրոնային հատվածում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Ըստ տեղեկությունների՝ այնտեղ նաեւ պայթյունի պահին եղել է քաղաքացի։ Մենք ամբողջ ուժով տվյալ հատվածում իրականացնում ենք աշխատանքներ»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ շենքում է բուն պայթյունի պրոցեսը սկսվել, հիմա այնտեղ են աշխատում փրկարարները։

Փամբուխչյանը նշեց, որ որոնման տարածքը նեղացել է. «Քանի որ ենթադրվում է, որ հենց այդտեղ է պայթյունի էպիկենտրոնը, որից առաջացել է թե հրդեհ, թե հարվածային ալիք, դա իր հերթին բարդություններ է առաջացնում մեզ համար։ Նման հարվածային ալիքից եւ ջերմաստիճանից, նաեւ գոլորշիացում է տեղի ունեցել, շանսերը հուսադրող չեն, բայց մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի կարողանանք բացազատել այդ հատվածը, օգտագործել մեր շներին, նաեւ մեր որոնողափրկարարական խումբը փորձի մուտք գործել տվյալ հատված եւ իրականացնել աշխատանքներ»։

Նշենք, որ պայթյունի հետեւանքով զոհվել է 16 քաղաքացի, որոնց թվում՝ հղի կին եւ մանկահասակ երեխա։ Զոհված քաղաքացիներից մեկի ինքնությունը դեռեւս պարզված չէ։ Ինքնությունը պարզված քաղաքացիներն են՝ Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1965 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․, Հրաչյա Ֆանբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․, Արտավազդ Հայրապետյան, ծնված 1951 թ․։

Նշենք, որ հիվանդանոցներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 4-ը մինչեւ այս պահը շարունակում է բուժում ստանալ։

Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով։