Վրաստանը պատրաստվում է արգելել 15 տարի եւ ավելի հնության ավտոմեքենաների մուտքը: Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ` երկրի էկոնոմիկայի նախարարությունը մշակել է համապատասխան օրինագիծ, որը խորհրդարանի հաստատմանը կներկայացվի աշնանը: Կարգելվի նաեւ 65-ից բարձր տարիքի վարորդների մուտքը: Երկրի ներսում կարգելվեն 20 եւ ավելի տարվա հնության մեքենաների օգտագործումը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Այս որոշումը, հնարավոր է, բացասաբար անդրադառնա հայ-վրացական սահմանամերձ առեւտրի վրա, քանի որ Վրաստանի տարածք հատող մեքենաների մի մասը բավական հին է: Հատկապես գյուղմթերքների իրացման սեզոնում նման մեքենաները մեծ պահանջարկ են վայելում:

Սակայն առկա է նաեւ խնդրի դրական կողմը: Վրաստանը հանդիսանում է օգտագործված մեքենաների առեւտրի տարածաշրջանային կենտրոն` մաքսային եւ վարչական սահմանափակումների վերացման շնորհիվ: Վրաստանի տարածքով Հայաստան են ներթափանցում մեծ քանակությամբ հին մեքենաներ, ուստի որքան այդ երկիրը խստացնի հին մեքենաների նկատմամբ պահանջները, այնքան Հայաստանը կշահի:

Նշենք, որ Հայաստանը հին մեքենաների ներմուծման դեպքում ուղղակի արգելքներ չի կիրառում, սակայն հարցը կարգավորվում է բնապահպանական վճարների միջոցով: Որքան հին է ներմուծված մեքենան` այնքան բարձր է բնապահպանական վճարը: Այսպես` մինչեւ 5 տարվա վաղեմության մեքենան ներմուծելիս հարկվում է առանց լրացուցիչ բնապահպանական վճարների` մաքսային արժեքի 32 տոկոսի չափով:  5-10 տարվա մեքենաների ներմուծման ընդհանուր հարկերը կազմում են մաքսային արժեքի 34 տոկոսը, 10-15 տարվա դեպքում` 42 տոկոսը, 15 տարուց ավելիի դեպքում` 52 տոկոսը: Այսպիսով` հին մեքենաներ ներմուծելը պարզապես դառնում է անշահավետ:

Սակայն նշենք, որ Հայաստանը արգելքներ չի սահմանում տրանզիտով կամ ժամանակավորապես երկիր մուտք գործող հին մեքենաների (այդ թվում` ավտոբուսների կամ բեռնատարների) համար, եթե դրանք տեխնիկապես սարքին են եւ ապահովագրված: Այնինչ Վրաստանը պատրաստվում է անգամ ժամանակավորապես արգելել հին մեքենաների մուտքը երկիր: